• Categories

  • Ճանապարհը փլուզվում է, իսկ «Սեւան ազգային պարկ»-ը խոչընդոտում է շին աշխատանքներին

    Կառավարության ծրագրով, Մ-14, Մ-4 Սեւան-Ճամբարակ-Վարդենիս ավտոճանապարհի կմ 31+650-կմ 31+850 փլուզված հատվածում գաբիոնային հենապատի կառուցման 100 մլն դրամի գումար է հատկացվել: Շին աշխատանքների մրցույթն էլ շահել է «Ճամբարակի ՃՇՇ» ՓԲԸ-ն:


    Անզեն աչքով էլ երեւում է, որ ճանապարհի երթեւեկելի մասից հողը հոսում է` դրա փլուզվելու վտանգը հուշելով: Մոտ 15 օր առաջ սկսված շինարարական աշխատանքները, սակայն, այս օրերին խոչընդոտվում են «Սեւան ազգային պարկ»-ի կողմից:
    Բանվորները պատմեցին, որ օրեր առաջ պարկի տնօրենի տեղակալ Նելսոն Սարգսյանն է եկել տարածք ու բանվորների հրահանգել դադարեցնել աշխատանքները, ապա դրական արդյունքի չհասնելով, Ազգային պարկի տնօրեն Վահե Գուլանյանը հայտարարություն է տվել ոստիկանության Ճամբարակի բաժնում, այն մասին, որ շինարարական ընկերությունը վնաս է հասցնում բնությանը:

     

    Հայկական Ժամ-ի հետ զրույցում ազգային պարկի տնօրեն Վահե Գուլանյանն ասաց, որ տարածքը որտեղ կատարվում են շինարարական աշխատանքները համարվում են ծովային ծիծեռնակների կանյոններ եւ շինարարարության ընթացքում կարող են դրանք վնասվել, թե ելքը որն է, Վ. Գուլանյանն ասաց, որ պետք է շին. ընկերության տնօրենը դիմի իրենց եւ իրենք փոխզիջման գան:

    -Տարածքը, որտեղ շինարարություն է ընթանում Ազգային պարկի տարածքն է: Եվ միայն բնապահպանական ու քաղաքաշինական համալիր փորձաքննությունից հետո կարելի կլինի թույլտվություն ստանալ ու աշխատանքներ իրականացնել: Սակայն նման դեպքերում գալիս ենք փոխհամաձայնության եւ իրենք կշարունակեն իրենց աշխատանքները: Ի վերջո պետք է հասկանան, որ գոյություն ունի «Սեւան ազգային պարկ» եւ նրա հետ պետք է հաշվի նստել:

     

    Ստացվում է, որ շինարարական աշխատանքների դադարեցման պահանջը արհեստածին է եւ Ազգային պարկը պարզապես իր դերի ու նշանակության համար է այս խնդիրները ստեղծում ու ստացվում է, որ մի թղթի կտորը` թույլատվության տեսքով գրողի ծոցն է ուղարկում ծովային ծիծեռնակներին էլ նրանց կանյոններն էլ…

     

    Թղթաբանության վերածված մեր երկրում, բյուրոկրատիան այնքան արմատացած է, որ սերնդափոխությունն էլ չի լուծում այդ խնդիրը: Եվ խնդիրները, որոնք կարելի կլինի լուծել բանավոր համաձայնության միջոցով դառնում է մի մեծ քաշքշուկ` հիասթափեցնելով աշխատողին էլ նրանից ինչ-որ ակնկալիք ունեցողին էլ:

     

    Իսկ մեզ մնում է հուսալ, որ դիրքերի ամրապնդման այս փուլում, ոչ մի աղետալի դեպք տեղի չի ունենա եւ շինարարները ավարտին կհասցնեն ճանապարհի շինարարությունը:

     

    Իսկ որպեսզի ավելի լուրջ վերաբերվեն այս խնդրին պատկան մարմինները, հիշեցնենք 2011 թ-ի հոկտեմբերի 2-ի փլուզումը, որը տեղի էր ունեցել Տավուշի մարզում` Թումանյանից Բագրատաշեն տանող ճանապարհին` Նոյեմբերյան-Այրում գլխավոր ճանապարհահատվածում: Այդ ժամանակ փլվել էր ճանապարհամերձ սարը, ինչի հետևանքով ավերակների տակ էին մնացել , տասնյակ ավտոմեքենաներ, եղան զոհեր:

     

     

    Աննա Գրիգորյան

    facebook tweeter vkontakte odnoklassniki