• ՄԵՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՃՇՄԱՐՏԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ Է

  • Հայտարարություն կոռուպցիայի մասին կամ` նախարարը տեղյա՞կ է ինչ է կատարվում իր կառույցում

    Շատ է գրվում կոռուպցիայի մասին, սակայն կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի համար անհրաժեշտ են ոչ միայն պատժիչ, այլեւ կանխարգելիչ ու դաստիարակչական միջոցներ: Պետք է լինի բոլոր միջոցների ճիշտ հարաբերակցություն, որպեսզի ոչ միայն ընդունվեն կոռուպցիայի հնարավորությունները սահմանափակող օրենքներ, այլեւ ապահովվի դրանց կիրառումն ու բոլոր քաղաքացիների` օրենքի առաջ հավասարությունը, որպեսզի ոչ միայն պատժվեն մեղավորները, այլեւ խրախուսվեն արժանավորները, ոչ միայն ազնիվ կենսաձեւի կոչեր անեն ուրիշներին, այլեւ սեփական վարքով օրինակ ծառայեն:

     

    Գոյություն ունի մի տեսակետ այն մասին, որ մարդն այն աստիճանի է կոռումպացված, որքան թույլ է տալիս այն համակարգը որտեղ նա «գործում» է: Հետեւաբար, ինչու՞ է որոշ բնագավառների, մյուսների համեմատ, ավելի բնորոշ մեծ ռիսկը: Այս հարցն ունի մի քանի պատասխան, մասնավորապես, կոռուպցիան դրսեւորվում է այնտեղ, որտեղ կա անառողջ մրցակցություն սահմանափակ ռեսուրսներից օգտվելու համար:

    Այնտեղ, որտեղ օրենքներն ու արարաողակարգերը կատարյալ չեն, եւ թույլատրվում է դրանց ազատ մեկնաբանությունը:

    Այնտեղ, որտեղ գործարարները չունեն տեղեկատվություն եւ չգիտեն իրենց իրավունքների եւ պարտականությունների մասին:

    Այնտեղ, որտեղ չկան իշխանություններին վերահսկելու եւ զսպելու մեխանիզմներ:

    Այնտեղ, որտեղ չի աշխատում արդարադատության համակարգը:

    Այնտեղ, որտեղ թե’ իշխանությունը, թե’ քաղաքացիները հանդուրժողաբար են վերաբերվում օրենքների խախտումներին եւ այլն:

     

    Մեր նորաթուխ վարչապետը յուրահատուկ ձեւով է պայքարում կոռուպցիայի դեմ: Նախարարներ է նշանակում «աչքները կուշտ» մարդկանց, ովքեր թերեւս չեն էլ տիրապետում իրենց վստահված կառույցներին ու նրանց թվում է փողկապ կապելով ու զգաստ նստելով պայքարում են տարիներով արմատակալած կոռուպցիայի դեմ:

     

    Ասածս մասնավորեցնեմ հիմնավոր փաստերով:

    Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն ունի նոր նախարար, ով մասնագիտությամբ ինժեներ-ռադիոտեխնիկ է ու ի՞նչ եք կարծում ո՞վ պետք է նրան տեղեկացնի, տրանսպորտի ոլորտում տիրող իրավիճակին ու ինչ է տրանսպորտային փոխադրումներ ասածը:

     

    Նրա ենթակա կառույցում, իր ենթակաների մեծ մասը կառավարում են այդ ոլորտի ստվերային կոռուպցիան ու ի՞նչ է նրանք պետք է բարձրաձայնե՞ն այդ մասին: Հակառակը` նրանք ցույց են տալիս, որ նման բան չկա ու շարունակում են աշխատել նախկին սցենարով, իհարկե, աշխատանք ցույց տալու համար պատժում են օրինապաշտ փոխադրողներին` Տրանսպորտի տեսչության թեթեւ ձեռքով, ովքեր զավեշտալի բովանդակություններով ակտեր են կազմում, նույնիսկ չիմանալով` թե ում ինչի համար են պատասխանատվության ենթարկում:

    Տրանսպորտի ոլորտում տարիների ընթացքում կուտակվել են բազմաթիվ լուծում պահանջող խնդիրներ, որոնցից կարելի է առանձնացնել մի քանիսը`

    1. Երթուղիների սակագների վերանայումը

    Երթուղիներում փոխադրողներն աշխատում են մինչեւ 2000 թվականը գոյություն ունեցող սակագնով, բայց այս ընթացքում մի քանի անգամ բարձրացել են վառելիքաքսուկային նյութերը, պահեստամասերը, շարժական միջոցները, հարկատեսակները, սպասարկող ծառայությունների գները, ու իբր դրանք քիչ էին` 2016թ-ի դեկտեմբերից էլ փոփոխություններ է արվել  «Վարչական իրավախախտումների մասին» օրենքում ու տրանսպորտին վերաբերվող տուգանքները հնգապատկել ու տասնապատկել են, որն էլ պարարտ հող է ստեղծել փոխադրողներին «բերման» ենթարկելու համար:

    2.Հավասար մրցակցային դաշտի ապահովումը

    Երեւան քաղաքում ու ամբողջ հանրապետությունում երթուղային ցանցերը ձեւավորվել են ոչ թե ըստ ուղեւորահոսքի ու պահանջարկի, այլ` ըստ շահութաբերության: Արտոնյալներին` եկամտաբերը, օրինապաշտներին` մնացածը:

    Արդյունքում ստեղծվել է քաոսային մի ցանց, երբ մի թաղամասի կամ համայնքի բնակիչ իր ուզած վայր հասնելու համար ստիպված է լինում փոխելու մի քանի տրանսպորտ, ինչն էլ բերում է ավելորդ գումարի ու ժամանակի վատնում: Իսկ բազմաթիվ համայնքներ հայտնվել են երթուղային ցանցերից դուրս կամ թերի սպասարկվող գոտում:

    Արտոնյալ փոխադրողները մասնակցում են փոխադրումների մասնակցության մրցույթներին մի շարժակազմով, բայց ուղեւորափոխադրումն իրականացնում են իրենց դարն ապրած անսարք տրանսպոտային միջոցներով: Արդյունքում տուժում են քաղաքացիները:

    3. Պայքար ապօրինի փոխադրողների դեմ

    Ամբողջ հանրապետությունում գործում է մի համակարգ, որտեղ ապօրինի փոխադրողներն ավելի պաշտպանված են քան օրինական փոխադրումներ իրականացնողները: Օրինական փոխադրողները հաշվետու են պետության ու օրենքի առաջ, մուծում են իրենց հարկերը եւ պատասխանատվություն են կրում իրենց կատարած խախտումների համար: Իսկ ապօրինի փոխադրողները, փոխադրումն իրականացնում են առավել շահութաբեր երթուղիներով` «բարեգործական», «պատվերով», կամ «ուսանողական» անվան տակ` դռնից-դուռ մեխանիզմով ու իրենց հարմար սակագներով եւ պետական գանձարկղ չմուծելով ոչ մի լումա, ընդհանուր հաշվով փոխադրում են ավելի շատ ուղեւորներ, քան օրինական փոխադրողները եւ հաշվետու են միայն ու միայն Տրանսպորտի տեսչության չինովնիկներին:

     

    Տեսչություն ասածը, որպեսզի իրականացնի իր կոռուպցիոն ցանցի գործունեությունը, բազմաթիվ հնարքներով, փաստաթղթավորում է ապօրինի փոխադրողներին, որպեսզի նրանք շրջանցեն  օրենքները եւ սիստեմատիկ  «մուծվեն» իրենց: Իսկ եթե գնանք այդ թղթերի հետքերով, ապա կտեսնենք, որ իրականության հետ ընդհանրապես կապ չկա: Սա ընդհամենը հնարք է մեծ փողեր աշխատելու ու «չմուծվող» օրինական փոխադրողներին պատժելու համար:

     

    Գուցե նորանշանակ նախարարն ու տրանսպորտի տեսչության պետը տեղյակ չեն այս շղթայի գործունեությունից, բայց դա չի արդարացնում  նրանց մասնակցությունը, ավելին` դա վկայում է այն մասին, որ նրանք իրենց տեղում չեն : Իսկ միգուցե նախարարն ու տեսչության պետն իրենց մոտ կանչեն տեսչության պետի տեղակալ Հայկ Մարտիրոսյանին, միգուցե նա վերջապես կանկեղծանա…

    Հետո էլ ասում ենք պայքար կոռուպցիայի դեմ, դե բերեք պայքարենք:

    Կոռուպցիան պոզով-պոչո՞վ է լինում:

    Դե թող պատկան մարմինները զբաղվեն իրենց պարտականություններով: Սա տիպիկ հայտարարություն է առկա ու անժխտելի ստվերային կոռուպցիայի մասին:

     

     

    Վարդան Հակոբյան

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « Մայիս 2017 »
    երկ երք չրք հնգ ուրբ շբթ կիր
    1 2 3 4 5 6 7
    8 9 10 11 12 13 14
    15 16 17 18 19 20 21
    22 23 24 25 26 27 28
    29 30 31