• Categories

  • Խարդախների սարդոստայնում

    Երեւան քաղաքի Խանջյան 31, 25 բնակարանը տարիներ առաջ պատկանում էր մի ռուս կնոջ` Տատյանային: Շենքի հնաբնակները պատմում են, որ 37 քմ տարածքով այդ բնակարանը Տատյանային տվել էր ամուսինը` ամուսնալուծվելուց հետո: Իսկ երբ Տատյանան առողջական խնդիրներ է ունենում, նրա տուն է այցելում Խոսրով անունով մի հեքիմ ու առաջարկում բուժել կնոջը, սակայն բուժումը նրա համար դառնում է ճակատագրական: Ամիսներ անց Տատյանան մահանում է, իսկ ժառանգ չունեցող կնոջ տունը պետականացվելու փոխարեն հայտնվում է Խոսրովի մտերմուհու` Զարուհի Պողոսյանի ձեռքում: Թե ինչ ճանապարհով, հարեւանները դժվարանում են ասել, միայն բազմանշանակ ասում են, որ Տատյանան մահացավ Խոսրովի տված դեղերի «պերեդազիրովկայից», իսկ տունը սեփականացրեց Զարուհին:

    Դրանից հետո, Զարուհին տունը մի քանի անգամ վաճառում ու ետ է գնում տարբեր մարդկանցից, եւ գրեթե բոլոր դեպքերում էլ տան գնորդներն այդ ընթացքում մահանում են: Սակայն վերջին առք ու վաճառքի դեպքում պատմությունն այլ կերպ է դասավորվում…

     

    Գորիս քաղաքի բնակիչ, 30-ամյա Արփինե Մայսուրյանը 2010թ. սեպտեմբերի 11-ին Երևանի Խանջյանի փողոցում բնակարան է գնել:Վաճառողի հետ ծանոթացել է անշարժ գույքի շուկայում եւ համաձայնության եկել բնակարանը 28 հազար դոլարով գնելու շուրջ: Գնորդը վաճառողին՝ Զարուհի Պողոսյանին, նախապես 500 դոլար է վճարել, իսկ ավելի ուշ հայրը Ուկրաինայից վարորդի միջոցով գումար է ուղարկել, եւ ինքը վաճառողին տվել է նաեւ մնացած 27 500 դոլարը: 500 դոլարի ստացականը Զարուհին իր ձեռքով է գրել, իսկ երկրորդ ստացականը եւ հայտարարությունը Արփինեն գրել է, Զարուհին՝ ստորագրել, բոլոր  դեպքերում էլ փորձագետները հաստատել են, որ ստորագրությունը վաճառողինն է եղել: Բնակարանի դիմաց փողը ստանալուց հետո նախկին տանտիրուհին, նույն օրը, Արփինեյից բաժանվելուց հետո 10 180 000 դրամ վաճառքի գումարի որոշ մասը՝ 8 մլն-ը փոխառության պայմանագրով տվել է իր տան վարպետին՝ ոմն Արմենակ Հովհաննիսյանին: Զարուհի Պողոսյանը մեկնում է Սանկտ Պետերբուրգ, իր երեխաների մոտ:  Ապա վերադառնում է իր եւ եղբոր որդու հետ  եւ պահանջում է, որպեսզի գնորդը եւս 7000 դոլար տա՝, որպեսզի իրենք հաշտ ու համերաշխ բաժանվեն, պահանջներին հաջորդում են սպառնալիքները, որոնց դատական բաղադրիչը գործի է դրվում, սակայն դատական երեք ատյանները մերժում են առուծախի պայմանագիրը անվավեր ճանաչելու մասին Զ.Պողոսյանի հայցը:

     

    Քաղաքացիական գործով արդյունքի չհասնելով՝ նորից պահանջում են հավելյալ 7000 դոլարը՝ հակառակ դեպքում սպառնալով «գնալ քաղմաս և ասել, որ դու ընդհանրապես գումար չես տվել»: Այդպես էլ անում են, հայտարարություն են տալիս, որ Արփինեն ոչ մի կոպեկ չի տվել բնակարանի համար: Այդ հիմքով Արփինե Մայսուրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասով՝ առանձնապես խոշոր չափերի խարդախություն:

     

    Հետագայում երկու միլիոն գրավով խափանման միջոց է կիրառվել: Արփինե Մայսուրյանը բացատրություն է տվել եւ հայտնել է, որ ստորագրել է ստացական, համաձայն այդ ստացականի՝ գումարը փոխանցել է Զարուհի Պողոսյանին: Ապա գնացել են Կենտրոն նոտարական գրասենյակ, որտեղ կնքվել է առքուվաճառքի պայմանագիրը: Նույնը պնդել է նաեւ Արփինեի մայրը` Կարինե Ասլանյանը, հայտնել, որ նոտարական վավերացումից հետո է բնակարանի գումարը տրվել, եւ մինչ օրս իրենք ապրում են իրենց գնած բնակարանում: Քրեական գործի նախապատրաստման ընթացքում ստացականը ենթարկվել է դատաձեռագրաբանական փորձաքննության, եւ փորձագետը տվել է եզրակացություն, համաձայն որի՝ Զարուհին ինքն է ստորագրել եւ գրել, գրառումները նրանն են:

     

    «Քննությանը վերաբերող այլ տվյալներ չեն հայտնաբերվել»,- գրել էր քննիչն իր որոշման մեջ, ապա նաեւ ակնարկել, որ այս վեճը ենթակա է քաղաքացիաիրավական հարաբերությունների համատեքստում լուծվելու: Քրեական գործ չի հարուցվել՝ Արփինե Մայսուրյանի արարքում հանցակազմի բացակայության հիմքով: Զարուհի Պողոսյանը դիմել էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, առքուվաճառքի գործարքն անվավեր ճանաչելու եւ բնակարանից վտարելու պահանջի մասին հայցով: Այս գործով երրորդ անձ էր ճանաչվել Կենտրոն նոտարական գրասենյակի նոտար Մարինե Մանուկյանը:

     

    Ըստ հայցվորի, չորս տարի առաջ իր վաճառած բնակարանի արժեքը կազմել է 10.180.000 դրամ, եւ դա եղել է կողմերի համաձայնությամբ: Հայցվորը պնդում է, որ «Չնայած պայմանագիրը վավերացվել է նոտարական կարգով եւ պայմանագրում առկա է բնակարանի արժեքը, սակայն պատասխանողը նշված գումարը ինձ չի տվել, ցանկանում է բնակարանը շտապ վաճառել եւ խաբեությամբ տիրանալ իմ գույքին»: Խոսքը մինչեւ քսանութ հազար դոլար արժողության բնակարանի մասին է, ըստ հայցվորի, իրեն Արփինեն տվել է հինգ հարյուր դոլար գումար, իր վստահությունը ձեռք բերելու համար: Արփինե Մայսուրյանը տեղեկացնում է, որ Զարուհի Պողոսյանը ոստիկանություն է դիմել մեկ տարի հետո, ինչը խոսում է նրա ասածների անարժանահավատության մասին: Բացի դա, գործում առկա դատաձեռագրաբանական փորձաքննության եզրակացությամբ հաստատվել է, որ ստացականն ամբողջությամբ գրվել է Զարուհի Պողոսյանի կողմից, եւ որ երեսուն հազար դոլար գումար է Արփինեի հայրն Ուկրաինայից ուղարկել, եւ դրանով է գնվել բնակարանը: Այս գործով փորձ են արել Արփինեի հետ կապել մի տղայի անուն. որը, պարզվել է, նշանված չի եղել հետը եւ ընդհանրապես կապ չի ունեցել բնակարանի գնման հետ: Արփինե Մայսուրյանը պատմում է, որ ոստիկանությունում իրեն մի քանի օր պահելով՝ հորդորում էին, որ ասի, թե բնակարանի գումարը ինքը չի տվել, եւ բաց կթողնեն:

    Սույն թվականի հունվարի 27-ին, Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանի կողմից վճիռ է կայացվում.

    Արփինե Սերժիկի Մայսուրյանին ճանաչել մեղավոր ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով ու 349-րդ հոդվածի 1-ին մասով, և նրան ազատել քրեական պատասխանատվությունից՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով։
    Արփինե Սերժիկի Մայսուրյանին ճանաչել մեղավոր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և դատապարտել ազատազրկման 5 (հինգ) տարի ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման։
    ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի համաձայն՝ նշանակված պատժին հաշվակցել Ա.Մայսուրյանին կալանքի տակ պահած ժամկետը՝ 1 (մեկ) ամիս 11 (տասնմեկ) օրը, և թողնել կրելու ազատազրկում 4 (չորս) տարի 10 (տաս) ամիս 19 (տասնինը) օր ժամկետով, որպիսի պատիժը պետք է կրի ՀՀ ԱՆ համապատասխան քրեակատարողական հիմնարկում՝ պատժի կրման սկիզբը հաշվելով նրան փաստացի արգելանքի վերցնելու օրվանից։
    Ա.Մայսուրյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ գրավը, թողնել անփոփոխ, և դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո գրավատու Կարինե Ասլանյանին վերադարձնել նրա կողմից մուծված գրավի գումարը` 2.000.000 (երկու միլիոն) ՀՀ դրամը։
    Երևան քաղաքի Խանջյան փողոցի 31-րդ շենքի հ. 25 բնակարանի վրա դրված կալանքը պահպանել։

     

    Արփինե Մայսուրյանի պաշտպանական կողմը դիմել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, դատարանի վճիռը բողոքարկելու համար: Առաջին նիստը կկայանա 31:03:2017թ-ին ժամը`11:00-ին:

     

    Աննա Գրիգորյան

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « November 2017 »
    Mo Tu We Th Fr Sa Su
        1 2 3 4 5
    6 7 8 9 10 11 12
    13 14 15 16 17 18 19
    20 21 22 23 24 25 26
    27 28 29 30