• Categories

  • Խարդախները հովանավորվում են դատախազությա՞ն կողմից

     

    Խանջյան 31 շենքի 25 բնակարանի խորհրդավոր առք ու վաճառքի պատմությանը մեկ անգամ չէ, որ անդրադարձել ենք:
    Մեր ընթերցողներին հիշեցնենք, որ վերը նշված հասցեի բնակարանը ազգությամբ ռուս Տատյանային բաժին էր հասել ամուսնալուծությունից հետո: Եվ այդպես էլ անժառանգ կինը իր ծերությունը կանցկացներ այդ բնակարանում, եթե օրերից մի օր նրա դուռը չթակեր Խոսրով անունով «հեքիմը», ով նախկինում հասցրել էր կանխամտածված սպանությունների համար դատապարտվել, եւ չառաջարկեր իր «բուժական» ծառայությունները:

     
    Շենքի հնաբնակները մինչեւ օրս հիշում են, որ Տատյանան, ով տառապում էր ոտքերի սուր ցավերից, հլու-հնազանդ ընդունում էր Խոսրովի տված հաբերը եւ կարճ ժամանակ անց մահանում է: Հարեւանները մինչեւ օրս պնդում են, որ միայնակ ապրող ու խարդախ Խոսրովի ծուղակն ընկած կինը մահացավ հենց ինքնահռչակ բուժակի տված դեղերի պատճառով:

     
    Տատյանայի մահից հետո, առեղծվածային պայմաններում, կնոջ բնակարանին տիրանում է Զարուհի Պողոսյանը, թե ինչ կապ ուներ աբովյանցի Զարուհին Տատյանայի հետ, հարեւանները չեն կարողանում ասել, այս պատմությանը ծանոթ մարդիկ ասում են, որ Զարուհուն Խոսրովի հետ են տեսել` Տատյանային այցելելիս:

    Դրանից հետո, Խանջյան 31 հասցեում գտնվող այս բնակարանը Զ. Պողոսյանը մի քանի անգամ, կարճ ժամանակով, վաճառում ու ետ է վերադարձնում:

     

    Հատկանշական է, որ բոլոր դեպքերում, բնակարանի գնորդները լինում են կամ միայնակ ծերեր, կամ հաշմանդամներ:

     

    2010 թ-ին տան առք ու վաճառքի շուկայում միայնակ երիտասարդ աղջիկը լավ թիրախ էր Զարուհու համար: Հենց այդ աղջիկն էլ դառնում է խարդախների հերթական զոհը: Ու քանի որ դրանից առաջ տան առք ու վաճառքի գործարքները հաջողությամբ էին պսակվել, Զ. Պողոսյանը չի վարանում տան ամբողջական գումարի ստացական տալուց:

     

    Որից հետագայում, արդեն դատարանում, Զ. Պողոսյանը հրաժարվում է, սակայն փորձագիտական եզրակացությունը հաստատում է, որ ստացականներում առկա ստորագրությունը պատկանում է Զարուհի Պողոսյանին:

    Նոտարով հաստատված առք ու վաճառքից նոտարի պայմանագրի տակ իր իսկ ձեռքով ստացականի հայտարարությունը գրած ու ստորագրած Զարուհի Պողոսյանը, ազգականների հետ վաճառքից հետո ամիսներ անց վերադառնում է ու բնակարանն իրենից գնած Արփինե Մանսուրյանից պահանջում եւս 7 ԱՄՆ դոլար:

     
    Եվ որքան մեծ է լինում Զարուհու եւ համախոհների հիասթափությունը, երբ միայնակ աղջկա փոխարեն իր վաճառած բնակարանում Զարուհին հանդիպում է Արփինեի մորը` Կարինե Ասլանյանին:
    Խարդախների թիմը հանդիպելով մոր ու աղջկա համառությանը` այն է չտալ պահանջած ավել գումարը, հայտարարում են, որ Արփինե Մանսուրյանը Զարուհուն բնակարանի համար նախատեսված 28 հազար ԱՄՆ դոլարը չի տվել:

     

    Քաղաքացիական դատարանը հիմք ընդունելով փորձագետների եզրակացությունները եւ նոտարի օրինական պայմանագրերը մերժում է Զարուհի Պողոսյանի հայցը:
    Ինչից հետո Զարուհի Պողոսյանը Կենտրոնի ոստիկանությունում հաղորդում է տալիս այն մասին, որ Արփինե Մանսուրյանը խարդախ ճանապարհով է իր բնակարանին տիրացել: Եվ հաշվի առնելով, այն ժամանակ Երեւան քաղաքի դատախազ Արթուր Դավթյանի ու իր ենթականների հետաքրքրությունը ու քննչական մարմինների հետ թխած յոթ հատորանոց քր. գործը կեղծ վկայություններն ու անհիմն մեղադրանքները, ստիպում են մտածել, որ խարդախներն ինքնանպատակ չեն գործել եւ Խանջյան 31 հասցեի այս բնակարանը ինչ-որ բարձրաստիճանի բիզնեսն է եղել: Իսկ աբովյանցի, արդեն հանգուցյալ Զարուհին գործիք է եղել, ով վերջին առք ու վաճառքի ժամանակ սայթակել ու սխալ գնորդ է ընտրել, որից մինչեւ օրս չի հաջողվում ետ վերադարձնել բնակարանը:

    Քր գործն ուսումնասիրելու դեպքում ակնհայտ է դառնում ամբողջ կեղծիքը, որ հետաքննող մարմինն ու դատախազությունը հունցել են: Տարբեր տեղերից հավաքած, իրար հակասող ու իրարամերժ ցուցմունքներն իսկական խառնաշփոթ են առաջացնում: Իսկ Կարինե Ասլանյանը` Արփինե Մանսուրյանի մայրը, ասում է, որ դատախազությունում իրեն ասել են ետ վերադարձնի տունը, հակառակ դեպքում աղջիկը երկար ժամանակով բանտում կհայտնվի:

     
    Նման սպառնալիքներ մայրն ու աղջիկը շատ են լսել, բայց չեն ընկրկել.
    -Բայց ինչու՞ մենք պետք է հանձնվենք, եթե օրինական կերպով մենք տուն ենք գնել, 7 տարի այս տան առք ու վաճառքի պատճառով հոգեբանական ցնցումներ ենք տարել ամբողջ ընտանիքով, ինչու՞ պետք է հանձնվենք: Ի՞նչ է ստացվում, մենք խարդախների զոհ լինելով մեղադրվում ենք խարդախության մեջ: Այսինքն մարդկանց սովորեցնում են, տունը վաճառել, գումարը յուրացնել, հետո սուտ ու կեղծ վկաներ բերել ու բնակարանը ետ պահանջել: Որտե՞ղ է օրենքը, որտե՞ղ է նայում արդարադատությունը: Սա վատ նախադեպ կարող է դառնալ:

     

    Զարուհի Պողոսյանի իրավահաջորդը` աղջիկը` Հասմիկ Պողոսյանը, լրագրողիս հարցերին հստակ չի պատասխանում, թե մայրը որտեղից է ձեռք բերել այդ բնակարանը եւ երբ է ինքն առաջին անգամ այդ բնակարանում եղել: Փոխարենը Հասմիկ Պողոսյանը տալիս է անուններ ու հեռախոսահամարներ, եւ հորդորում, որ մենք զանգահարենք այդ մարդկանց ու հարցնենք Արփինե Մանսուրյանի վարքի, այդ տան առք ու վաճառքի պատմության մասին:

     

    Տրված երեք հեռախոսահամարներից միայն երկուսին պատասխանեցին: Առաջին զրուցակիցս կին էր, ով աղաչում էր իրեն այլեւս չանհանգստացել, եւ ինքն այլեւս չի պատրաստվում նման ստոր խաղերի մասնակցել:
    Իսկ երկրորդ հեռախոսահամարի տերը, ձայնից զգացվում էր, որ միջին հասակի տղամարդ է` զայրացավ.
    -Էդ պու…. ա իմ համարը տվել, դրան ասեք ս….,- հասկանալի պատճառներով իմ նախաձեռնությամբ ընդհատվեց մեր զրույցը…

     

    Ինչեւէ: Մեր լրագրողական թիմը հետաքննություն է սկսում, հասկանալու համար, թե ովքեր են կանգնած այս խարդախությունների ետեւում, եւ իրականում որքանով է ապահովագրված ՀՀ քաղաքացին բնակարանի առք ու վաճառքի դեպքում:
    շարունակելի…

    facebook tweeter vkontakte odnoklassniki