• ՄԵՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՃՇՄԱՐՏԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ Է

  • Թուրքիայում արտադրված, կասկածելի որակով միրգն ու բանջարեղենը հայ գյուղացու սննկացման պատճառն է

    2017 թ-ի խորհրդարանական ընտրություններում, համաձայն նոր ընտրական օրենսգրքի, մեծամասնական ընտրակարգը փոխարինվել է տարածքային ցուցակներով: Յուրաքանչյուր կուսակցություն ներկայացնում է մինչեւ 13 հոգուց կազմված ցուցակ` տվյալ ընտրատարածքում քվեարկելու համար:

    Ի տարբերություն մեծամասնական ընտրակարգի` այժմ որեւէ թեկնածուի ձայն տալով, ընտրողը պարտավոր է քվեարկել նրան առաջադրած կուսակցությանը:

    Ըստ տարբեր գնահատականների, պատճառն այն է, որ հաճախ թեկնածուն առավել ձայներ է հավաքում, քան իր կուսակցությունը, ուստի համակարգ է ներդրվել, որպեսզի թեկնածուի քարոզարշավն ու ծախսված միջոցները մեխանիկորեն նպաստեն կուսակցության քվեների աճին:

    Հիշեցնենք, որ 41-ի փոխարեն գործում է 13 ընտրատարածք, մեկ ամբողջ մարզ ներկայացված է մեկ ընտրատարածքում` փոխարենը նախորդի, երբ մարզն ուներ 2-4 ընտրատարածք:

    Վերադառնանք ներկա պահին:

    Արմավիրի մարզի օրինակով, փորձենք ներկայացնել ընտրական ներկապնակի բոլոր գույները: Բոլորին է հայտնի, որ Արմավիրը «պաշարված» մարզ է` ռազմական ֆեոդալների եւ քրեական անցյալ ու ներկա ունեցողների կողմից:

    Ահա այդ ծաղկաբույլը` Մանվել Գրիգորյան, Սեյրան Սարոյան, Շմայս, Նահապետ Գեւորգյան (Նովո), Ալիկ Պետրոսյան, վերջինս որպես տեղական արտադրող առանձնանում է ոհմակից:

    Այս մարզում ինչպես հանրապետության ողջ տարածքում, գաղտնիք չէ, որ մարդիկ զրկված են բարեկեցիկ ծերությունից, աջակցություն չկա երիտասարդ ընտանիքներին, մեծ թիվ են կազմում գյուղը լքողները: Ո՞վ է մշակելու հողը. ծեր մարդը՞… Արդար պայմաններ չկան Արմավիրում` գայլերի ոհմակն է մարզը տնօրինում:

    Հայկական Ժամ-ի սոցհարցումները, բլից հարց ու պատասխանները, գյուղացիների հետ մասնավոր զրույցները, արմավիրցի ընտրողների հետ մեկ եզրակացության է բերում: Գյուղացիների պահանջը մեկն է` նրանք դեմ են իրենց երիտասարդներին օտարության մեջ տեսնել: Գյուղացիների նպատակն է` հող մշակել, մթերքը մթերել, օրնիբուն աշխատել, սեփական քրտինքով բերք ու բարիք աճեցնել, ապա հանձնել մթերման` իրենց տարեկան եկամուտը ապահովվել, երեխաներին իրենց կողքին տեսնել:

    Ահա այս նվազ պահանջը, որ գյուղացու միակ երազանքն է դարձել, նրանք լրագրողների հետ զրույցների ժամանակ ներկայացնում էի ու հավաստում, որ ոչինչ չեն ուզում` ո’չ թանկարժեք հագուստներ, ո’չ էլ ճոխ կյանք:

    -Դա մերը չէ,- ասում են գյուղացիները,- մեր որակյալ թունաքիմիկատներ տվե’ք, ցածր տոկոսներով վարկեր, ու հանգիստ թողեք մեզ: Մենք մեր էրեխեքի հետ գիտենք ինչ կանենք. քարից ոնց հաց կքամենք, դա մեր ձեռքերի գործն է:

    Մեր այն հարցին, թե ի՞նչ են մտածում խորհրդարանական ընտրություններին մասնակցող թեկնածուների մասին, մարդիկ արհամարհանքով ու զզվանքով խոսեցին ու պատասխանեցին մեր հարցերին:

    -Ի՞նչ ընտրություն, ի՞նչ թեկնածու: Մեկ ա մենք ում էլ ընտրենք ինքը չի անցնում, դրանք (նկատի ունեն իշխանություններին: Հեղ.) իրանց յաշիկն ունեն, մեր ընտրելն ո՞վ ա հաշվի առնում: Զզվցրել են արդեն այ ըստեղներս են հասցրել,- ձեռքով ճակատը ցույց տալով պատմում էր լուսանկարի սարդարապատցի կինը:-Օրը մեկը գալիս է, սուտ-սուտ խոստումներ տալիս ու գնում:

    -Մենք ճորտ ենք, ճորտ, լրագրո’ղ ջան,- գոռում էր նարդի խաղացողներից մեկը:-Մեր ԱԺ-ում գողերն են գրավել, մենք ո՞վ ենք, որ հարց լուծենք: Վարկերը մեր թիկունքին են խփում, ճակատներիս էլ` մեր փորերն ուռած գեներալները: Մենք խեղճ հիվանդ ու նիհար մարդիկ ենք, տես իմ փորի կողի մատները, կարամ հաշվեմ:

    -Ինձ մի նկարի, իմ ետեւից կգան դրանց թիկնապահները ու իմ կողերը կջարդեն,- ասում է ու ծիծաղում,– դուք էլ զգուշացեք, վատ բաներ մի գրեք` զոռբայի դար ա: Դրանք մեր արժանապատվությունը տրորեցին ու ոչնչացրին: Հլը մի նայեք դրանց ԱԺ-ում ու դրանց խոսացածին: Բոլ խնդում ենք դրանց վրա: Տո մեր գեղի Համոյից անգրագետ են: Դրանք անկուշտ ու անոթի գելեր են: Էդ թեկնածուների մեջ ՄԱՊ-ի ԱԼիկը ոնց որ անմեղ գառ ըլնի: Աջ ու ձախ պռճոկում են նրանից:

    -Ծաղկալանջում մի թիքա ասֆալտի համար Շմայսը սաղ գեղին  «կզցրեց»: Մեզ որ մնաց, մենք սաղս էլ ՄԱՊ-ի Ալիկին ենք ձեն տալու: Էդ գործարանն ա սաղիս պահում, մեր մթերք մթերողն ինքն ա, ջհանդամ, թե փողն ուշացնում ա, բայց ո՞վ կթողնի, որ ճիշտ ընտրեք: Հլա էս խոսացածներիս համար չգիտենք, թե ինչ օյին կբերեն մեր գլխին էդ խուժանները,- զգուշանում էին ընտրողները ու շարունակում:– Էլի եմ ասում, ճիշտ ա, մեր փողերն ուշացնում են, բայց մեկ ա էլի մեր բերքի մթերողն ու պահողը ՄԱՊ-ն ա, մեր հույսն էդ գործարանն ա, պարզ չի՞, որ էս տարածաշրջանի ձայների մեծ մասը Ալիկ Պետրոսյանի օգտինա գնալու` եթե թողնեն,- ասում ու աչքով է անում լուսանկարի բարձրահասակ մարդը:

    Էսքան գելերի մեջ ո՞նց ապրենք, դե ասե’ք… մեր էրեխեքն էլ դրանց դարդից փախան երկրից…

    Ամեն պահի պայթյունավտանք պատերազմն ու քայքայված տնտեսությունը, աղքատությունն ու  կիսաքաղց վիճակը գյուղացիների մոտ էլ ավելի է սրում իշխանությունների նկատմամբ ատելությունն ու արհամարհանքը: Տեղական հարստահարողներից գյուղացիները նողկանք են ապրում:

    -Էլ ապրելու ու համբերելու տեղ չկա, լրագրո’ղ ջան: Մեզ վառին էս անհոգի թալանչիները, մեր էրեխեքին սահման տանելով մեր ծուխը հանգցրին: Իրենց բալեքին թաքցրին, իրենց օջախները մեր հաշվին հարստացրին: Էսօր թանկարժեք ջիփերով ման են գալիս, մաշինեքի փոշին էլ մեր վրա նստացնում: Ու՞մ մոտ գնանք բողոքենք, ո՞վ ա մեզ մարդու տեղ դնում, ո՞վ: Կարա՞ս մի մարդու անուն ասես,- դառնությամբ հարցնում է հողի մշակը,- Նրանք գել, մենք` նապաստակ:

    Ինչի՞ իմ բալի կարոտից իմ սիրտը պիտի մռմռա, իսկ դեպուտատի տղերքի փորերը սալապատվի` քեֆեր քաշելով, մարդկանց վրաերթի ենթարկելով, անպատիժ մնալով: Ընչի՞, դե ասա’, դու` կրթված, ես` անգրագետ: Հը՞ն… Մեր կաթողիկոսը պատգամավորի թեկնածու չի բայց մեկ ա, էլի գել ա…  Էսքան գելերի մեջ ո՞նց ապրենք:

    Բամբակաշատ գյուղում գյուղացիները փաստում էին, որ բանկերն ու վարկային կազմակերպություններն այսօր ստանձնել են վաշխառուի դերը` չարդարացված բարձր տոկոսներ առաջակելով մարդկանց ու ընկերություններին: Քչերը կային, որ հույս ունեին, որ պետությունը կօգնի ու կհովոնավորի հայրենական արտադրողին, ի դեմս իրենց հայրենակից Ալեքսան Պետրոսյանի, որի դեպքում անպայման կշահեն տարածաշրջանի գյուղացիները:

    -Ընտրողն ինքը պետք է ճիշտ կողմնորոշվի: Թալանելով չորացրին մեր ազգի ծառը, բայց ամեն ինչ կորած չէ: Չէ՞ որ ծառի արմատն առողջ է,- մեկնաբանում էր ուսուցչուհիներից մեկը:– Որքան ուժեղ լինի գյուղացին, այնքան մեր երկիրը կայուն, արդար ու խաղաղ կլինի: Մեր ազգային, պետական հիմնախնդրի դրական լուծումը երաշխավորված կլինի:

    Գայանե Մացակյան

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « March 2017 »
    Mo Tu We Th Fr Sa Su
        1 2 3 4 5
    6 7 8 9 10 11 12
    13 14 15 16 17 18 19
    20 21 22 23 24 25 26
    27 28 29 30 31