• ՄԵՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՃՇՄԱՐՏԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ Է

  • Թարխունն է պահում մանկապարտեզը

    Արմավիրի մարզի Արագած գյուղի համար ապրիլի 2-ի ԱԺ ընտրություններն իսկական փորձություն էր։ Գյուղում ավելի զրուցասեր մարդիկ պատմեցին, որ բոլորովին վերջերս գյուղում անցկացրած խորհրդարանական ընտրությունների արդյունքում իրենց գյուղի անդորրը խաթարվել է` գյուղը դարձել է բամբասանքի էպիկենտրոն:
    Հիշեցնենք, որ ընտրություններից անմիջապես հետո, տեղական ԶԼՄ-ներից մեկն անդրադառնալով Արմավիրի մարզի Արագած համայնքի մանկապարտեզի փակվելուն, հոդվածում հայտնել է, որ գյուղապետն իր համագյուղացիներից մանկապարտեզը փակելով վրեժ է լուծում, քանի որ ձայն ձեն տվել իր ընկերոջը` Հրանտ Գրիգորյանին:

     
    Գյուղում հավաքված մարդիկ ձայնագրիչը ձեռքիս տեսնելով ձեռքով իրենց մոտ կանչեցին ու զայրացած ասացին, որ վաղուց էին լրագրողի սպասում.
    -Թայֆաբազությունը ներխուժեց նաեւ մեր գյուղ ու խռովվեց բոլորիս անդորրը։ Բոլորս կամա-ակամա դարձանք քաղաքական գործիչներ, պաշտպանվելով անտեսանելի մարդկանցից ու բամբասանքներից։ Երբ անցյալ տարի կարկուտը 100 տոկոսով վնաս հասցրեց արագածավանցիներին, ոչ ոք այնքան սրտացավ չեղավ, որ գյուղացիներիս կողքին կանգներ։ Իսկ այ, պատգամավոր ընտրելու հարցում բոլորը սկսեցին ուշադրություն դարձնել գյուղի ապրողներին ու բնակավայրերին։ Ոչ ոք իրավունք չուներ մեր Արագածը խառներ իրար, սուտ լուրերով, մենք գումար չենք ունեցել, բերք չենք ստացել, որպեսզի պետական հարկերն ու տուրքերը վճարեինք։ Մեզ գյուղապետարանը մարտի 15-ին զգուշացրեց, որ մանկապարտեզը պարտքերի պատճառով ժամանակավորապես չի գործի, մինչեւ հարկեր չմուծենք,-պատմեցին զրուցակիցներս։

    Իսկ թե ինչպես կարգավորվեց այդ խնդիրը, որ այսօր մանկապարտեզը գործում է, բնակիչները պարզաբանեցին.

    – Ապրիլի կեսերին, թարխունն արդեն վաճառքի ենթակա էր։ Իսկ բոլորը գիտեն, որ Արագածում հիմնական եկամտի աղբյուրը թարխունն է: Վրացիների մի քանի ֆուռեր եկան գյուղ, վաճառեցինք մեր բերքը, հարկերը մուծեցինք, հիմա էլ նոր-նոր մանկապարտեզը աշխատում է։ Մեր գյուղը համախմբված է, իսկ ձայներ հավաքելու համար, մանկական հաստատության անունը շահարկելը դա անմտություն է, քանի որ մենք ենք մեր գյուղի տերը։ էժանագին պատվեր-հոդվածներով ցանկալիին չեն հասնի։

    Գյուղի կենտրոնում` ուռենու տակ հավաքվածներից մեկն էլ զայրացած, մատը թափ տալով հրահանգեց.
    -Ես կցանկանայի, որ մարդիկ տեղյակ լինեն, որ 2000-ականներից Արագածում գործում է մանկապարտեզը, երբ ոչ մի գյուղում նույնիսկ անունը չէին տալիս։ Նախանձախնդիր մարդիկ նույնիսկ դիտավորյալ հրդեհեցին մանկապարտեզի շենքը, որը գերմանացիների կառուցածն էր։ Մոխրացած շենքի փոխարեն այժմ երկհարկանի կառույց է, բոլոր հարմարություններով, թանկարժեք գույքով ու կահ կարասիով։ Ինչո՞ւ այդ ժամանակ չէին գալիս տեսնեին, գյուղացիների կարծիքը հարցնեին, չէ՞ որ մենք ենք այս գյուղում ապրում, թող մեր կարծիքն էլ հաշվի առնեին, թե՞ մենակ ընտրությունից ընտրություն են հիշում։ Մենք թասիբ ունենք, աշխատող մարդիկ ենք, մինչեւ հիմա մեր գյուղը տարածաշրջանի օրինակելի համայնքն է եղել։

     

    -Արագած գյուղը շենացնելու համար, մինչեւ հիմա ոչ մի բարերար, ոչ մի կազմակերպություն մի լումա չի ներդրել։ Ու այսքանից հետո, մի բան էլ փորձում են ջո՞ւր պղտորել, չի ստացվելու։ Վթարված լուսավորության, արագածավանցի մանուկների հաշվին շոուները միայն հիասթափություն ու զզվանք առաջացրին բնակիչներիս շրջանում: Մի թերթերին էինք հավատում, դա էլ մեջներս սպանեցին,- վիրավորված եզրափակեցին հավաքվածները։

     

    Անի Մադոյան

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « October 2017 »
    Mo Tu We Th Fr Sa Su
                1
    2 3 4 5 6 7 8
    9 10 11 12 13 14 15
    16 17 18 19 20 21 22
    23 24 25 26 27 28 29
    30 31