• Categories

  • Ըստ մարզպետի, գազը բիզնես է` անհասանելի գյուղացու համար

    Շիրակի մարզի Բայանդուր գյուղում հաճախակի է փոխվում համայնքի ղեկավարները, բայց այս դեպքում ոչ ժողովրդի մեղավորությամբ: Թերեւս հենց այս փոփոխություններն էլ բերել են նրան, որ գյուղացու մատից փուշ հանելու փոխարեն, իշխանության ղեկը ստանձնող համայնքապետերը սեփական կարիքներն են հոգում ու ընդմիշտ հեռանում:

     

    -Ով էլ ընտրվի իր համար է ընտրվելու այ քուր ջա՜ն։ Էնա մեր գյուղապետարանում աշխատողները սաղը գյուղապետի բարեկամներն են, տուն-տունիկ կխաղան, ոչ մասնագետներ են, իրանց քեռին իրանց տերն է ու տիրականը։ Իրանց է տվել գյուղապետարանն ու կֆռֆռա։ Ամեն մեկն իրա համար, հիմա աղքատ մարդ եմ, եթե ինձ մի հարուստ դրսից գա սպանի, հեչ մեկն չի ասի, էս մարդուն ինչի՞ սպանեցիր։ Անտեր ու դուրս կաբրինք։ Սահմանամերձ գյուղ ենք, գազ չունենք, ջուր չունենք։ Ով գալիս է խաբում է ու գնաց, վերջ։ Մեր մարզպետ Հովսեփ Սիմոնյան էլ եկավ ասեցինք գազի համար, ասեց չեք ունենալու, գազը դա բիզնես է, այսինքն շատ փող է պետք, դուք ունե՞ք էդքան փող,-պատմում են գյուղում։

     

    Գյուղում մարդիկ չեն մոռանում, որ 2000-ականներին համայնքի ակտիվը յուրաքանչյուր ընտանիքից 10 000 դրամներ է հավաքել, որ պետք է գազաֆիկացնեն գյուղը, եւ ասել, որ այդ գումարները չեն կորելու, երբ գազը բերեն գյուղ այդ գումարները ընդհանուր ծախսերից դուրս կգա։ Մինչ օրս այդ գումարների մասին խոսք անգամ չի եղել։

     

    -Մեր գյուղի ժողովուրդը էնքան համեստ է, որ էլ չհետաքրքրվեցին, թե ի՞նչ եղան էդ փողերը։ Ամեն մեկն իրա համար կաբրի։ Իբրեւ թե դեպուտատների ընտրություններ էին, ով ասես մտավ գյուղ, առանց վախենալու փողերը բաժանեցին, որը գյուղապետին տվեց, որը գյուղացիներիս, սրան-նրան, բաժանեցին, թե ով ընդրվավ չիդենք, մենակ անուն-ազգանունները գիտենք։ Փողով ընտրություն էր, էլ հույս չունենք գազը ով կբերի գյուղ, կամ ումից ինչ պետք է պահանջենք։ Էդպես է աշխարհի կարգը, համ էլ ի՞նչ ընտրություն, ասում են միանալու ենք Ախուրյանին, խաբար չենք էդ միացում ինչ է տալու, չենք տեսել, չիդենք։ Միանաք-չմիանանք էլ էս ենք լինելու, էլի բայանդուրցին գլուխը կախ իրա անասունն ու հողն է մշակելու, մեր գյուղապետերի նմաններին թող կրճատեն, չաշխատող կույրաղիքներին, հանեն դուրս շպրտեն, իզուր երկու ամսվա համար կընգնին տնե-տուն ձեներ գմուրան,-իրենց խոսքը եզրափակեցին տեղացիները։

     

    Մարդկանց ուղղված այն հարցին, թե համայնքի ղեկավար ՀՀԿ-ական Դավիդ Դավդյանը 2013թ-ին երբ ընտրվեց գյուղապետ, ի՞նչ շոշոփելի աշխատանքներ կատարվեց գյուղում, գյուղապետի համագյուղացիները զարմանքով նայեցին գյուղի քանդված փողոցներին, չորացած եւ անխնամ առուներին եւ ուսերը թոթվեցին` անպատասխան։

     

    Իսկ երբ համայնքապետարանի աշխատակցուհին տեղեկացավ, որ լրագրող կա գյուղում եւ զրուցում է բնակիչների հետ զանգահարեց գյուղապետ Դավիդ Դավդյանին ու անհանգիստ հարցրեց.

    -Քեռի ո՞ւր ես քեզի մարդ գըհարցնե, ժողովրդի հետ կխոսե…

    facebook tweeter vkontakte odnoklassniki