• Categories

  • Գյուղապետն ասել է չընտրեք ՀՀԿ-ին` նրանք մեզ խաբել են

    Մեկ անգամ չէ, որ մեզ դիմում են Արմավիրի մարզի գյուղական համայնքի բնակիչները` ահազանգելով, որ իրենց համայնքի ղեկավարը թմրամոլ է:

    -Դուք դրա հետեւանքները պատկերացնու՞մ եք: Եկեք գյուղ եւ ինքներդ կհամոզվեք, որ մենք գյուղապետ չունենք: Նովոյի դրածոն է, մեր գլխին փաթաթում են, որ հետո հարկ եղած դեպքում իրենց համար ձայներ հավաքեն: Ի նշան բողոքի, մենք ամբողջ գյուղով որոշել ենք` բոյկոտել ընտրությունները` չմասնակցել ապրիլի 2-ին կայանալիք ԱԺ համապետական ընտրություններին- սպառնում են Արմավիրի մարզի Գետաշեն համայնքի բնակիչները:

     

    Իսկ արդեն գյուղում, լրագրողիս հետ հանդիպման ժամանակ, գետաշենցիները դժգովելով, որ կարկտահարության համար ոչ մի տարում իրենց կառավարությունը փոխհատուցում չի տրամադրել, որոշել են ՀՀԿ-ին ձայն չտալ, ինչին համաձայն է նաեւ համայնքի ղեկավար ՀՀԿ-ական գյուղապետ Գագիկ Հովհաննիսյանը։

     

    -Մեր գյուղապետը մեզ ասել է ո՜ւմ ուզում եք նրան էլ ընտեք, ես գործ չունեմ։ Մեր գյուղապետն էլ է զզվացել էս կառավարությունից, միշտ խաբել են կարկուտը քանի անգամ ջարդեց մեր բերքոը, տեր չկանգնեցին գետաշենցիներիս, բա գյուղապետը էլ ո՞նց պաշտպանի սրանց։ Դրա համար էլ ասում է ինչ ուզում եք արեք, ես էլ եմ դեմ էս ղեկավարությանը,-պատմում են գյուղում։

    Գետաշենում ՀՀԿ շտաբը գյուղի հասարակության համար առայժմ ծառայում է, որպես նարդի, թղթախաղ խաղալու համար հատկացված մի անկյուն, որտեղ չգիտեն նույնիսկ շտաբի համակարգողն ով է։

     

    Երբ գյուղում հարցումներ էինք անցկացնում կուսակցությունների, դաշինքների եւ գործող պագամավորների մասին, այստեղ մարդիկ ոչ մի թեկնածուի անուն չէին տալիս, կամ ասում, ոչ ոքի չեն ճանաչում։ Չեն էլ հիշում, թե 2012թ-ի ԱԺ ընտրություններին, որ պատգամավորի թեկնածուին են ընտրել, մարդկանց շրջանում տարածված կարծիք կար, որ գյուղապետը ում ասի նրան էլ պետք է ընտրեն, իսկ թե գյուղապետ Գագիկ Հովհաննիսյանը ո՞ւմ անուններ  է հոլովվում, գետաշենցիներից շատերը նույնանման պատասխաններ տվեցին։

     

    -Իբր ինքը շատ գիտի, որ անուն-ազգանուն տա, ոչ գրել գիտի, ոչ կարդալ, անգրագետ մեռնում է։ Գյուղապետն ո՞վ է, որ մեզ ասի ում ընտրեք։ Էնի իսկի չի կարա իրա անուն-ազգանունը գրի, հըլը երեւի չկարանա ընտրության ժամանակ քվեարթերթիկի վրայի անունները կարդա, էդքան անգրագետ ա։ Սաղ ղեկավարների  ձեռքին խաղալիք է, որ կողմը ուզեն կտշեն, էս գյուղապետերին պետք է քչացնեն, ինչքան քիչ լինեն մեր գյուղապետի նմանները, էդքան մեր երկիրը կթեթեւանա տզրուկներից ու ձրիակերներից։ Խնդրում ենք հենց էդպես էլ գրեք, մեր ասածները,-ասացին գյուղի բնակիչները։

    Գետաշենի բնակիչները լրագրողիս պատմելու շատ բան ունեին, սակայն նրանց կաշկանդում էին գյուղապետի յուրայինները, ովքեր իրենց սեփական մեքենաներով հետեւում էին լրագրողիս ու բնակիչներին:

     

    Սակայն նման բռնատիրական կարգերից հոգնած մարդիկ ասում էին, որ իրենց նախապես մոտեցել են գյուղապետի մարդիկ ու ասել, որ գյուղում լրագրող է ման գալիս, ու եթե լրագրողը հարցնի ովքեր են այս մեքենաներով շրջող մարդիկ` կասեք հոսանքի տեսուչն է, կամ էլ ձեր բարեկամներից մեկը: Իսկ երբ վերջապես գյուղապետի դիվերսիոն խումբը հեռացավ, զրուցակիցներիցս մեկը շշուկով ասաց.

     

    -Չենք ուզում շատ խոսենք, մեր հետ հաշվեհարդար են տեսնելու, մենք դեռ էդ դարում ենք ապրում, որ Գագոն Գետաշենի կռուտոյ տղեն ա, մի քիչ քիթը ցից ա պահում, մի քիչ էլ հիմար ա, բայց իրեն յոլա են տանում, կատարածուներին մի քիչ երկար են պահում խելացի վերադասները,- իսկ վերջում հավելում,- Աղջիկ ջան, ինչ կլինի գրի էլի, որ Գետաշենից մինչեւ Նալբանդյան գյուղ տանող ճանապարհի բարեկարգման խնդիրն ունի` բալքիմ դու մեզ օգտակար լինես:

    Հերմինե Մանուկյան

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « December 2017 »
    Mo Tu We Th Fr Sa Su
            1 2 3
    4 5 6 7 8 9 10
    11 12 13 14 15 16 17
    18 19 20 21 22 23 24
    25 26 27 28 29 30 31