• Categories

  • Արմավիր քաղաքում գործող միջին մասնագիտական հաստատությունները կմիավորվեն

    Կամ Ինդուստրիալ Պետական  եւ բժշկական քոլեջները կօպտիմալացվեն։Դասախոսների եւ տեխնիկական աշխատակիցների շրջանում տագնապներ կան, որ այդ դեպքում շատերին գործազրկությունն է սպասվում։ Բժշկական քոլեջի տնօրեն Արամ Խաչատրյանը կրճատումների մասին անհանգստությունները համարում է անտեղի, եւ հույս հայտնում, որ իր տնօրեն նշանակվելուց հետո, ամեն ոք իր մասնագիտությամբ կշարունակի աշխատել։  Արամ Խաչատրյանը քոլեջը ղեկավարում է 2016թ-ից, իսկ Ինդուստրիալ ՊՈԱԿ քոլեջի տնօրեն՝ Արմեն Խաչատրյանը մոտ երկու ամսից կանցնի թոշակային տարիքի։

     

    -Պարոն Խաչատրյան բժշկական քոլեջը տարիներ շարունակ գործում է մանկապարտեզի մասնաշենքի մի հատվածում, ինչպե՞ս եք իրականացնում այդ պայմաններում ձեր աշխատանքները։

     

    -Համայնքային սեփականության շենք է մանկապարտեզի շենքը, որտեղ մի մասը քոլեջը վարձակալությամբ վերցրել է տարածքը եւ աշխատում ենք, ոչ շատ լավ է վիճակը, ոչ էլ շատ վատ։ Մասնակի վերանորոգումներ արված եղել են, մի փոքր վերանորոգումներ  եղել են իմ աշխատելու ժամանակահատվածում, փորձել ենք մի փոքր բարելավվել մեր աշխատավայրը։ Անցած տարի նշեցինք քոլեջի հիմնադրման 20-ամյակը։ Հասցրել եմ ավելացնել լիցենզիավորված դեղագործության բաժինը, սովորողների  քանակը ավելացել է մոտ 35 ուսանողներով, հիմա հեռակա առաջին կուրսն էլ, որ ընդունեմ մոտ տասը ուսանողներ էլ կավելանան, այսինքն 45 ուսանողներ ավելացել են։

     

    -Նշեցիք, որ 20 երկար ու ձիգ տարիներ քոլեջը վարձակալական հիմունքներով է աշխատում, չունեք սեփական շենք, քոլեջների օպտիմալացումը որքանո՞վ շահավետ կլինի բժշկական քոլեջի համար։

     

    -Օպտիմալացումը մեզ համար եւ՛ դրական եւ՛ բացասական կողմեր ունի։ Լավն այն է, որ արդեն քոլեջը կունենա սեփական շենք, անկախ նրանից միավորվում է ուրիշի հետ, թե՞ չէ։ Միեւնույն է քոլեջի բաժինները մնալու են, գործելու են։ Օպտիմալացումը բաժինների լուծարման մասով չի ազդում։ Մեր քոլեջը կմիավորվի մյուս քոլեջի շենքում, որտեղ պայմանները այդքան էլ լավ չեն, սակայն մասնակի վերանորոգումներից հետո հնարավոր կլինի նորմալ դասապրոցեսներ անցկացնել։ Վատն այն է, որ քաղաքի ծայրամասում է գտնվում, բայց ավտոբուսներ եւ երթուղայիններ աշխատում են, այնպես, որ տրանսպորտն էլ խնդիր չի։ Այստեղ տարեկան 1 միլիոն 300 հազար դրամ ենք վճարում, որպես ամսավարձ, այսինքն, եթե այդքան գումար տնտեսվի վարձակալությունից, ապա դա կարող է ծախսվել վերանորոգումների համար, տարեկան բավականին գործեր հնարավոր կլինի կատարել ի շահ մեր հաստատության։

     

    -Քոլեջի աշխատակիցների շրջանում անհանգստություններ կան, որ հաստիքների կրճատումներ կլինեն, շատերը գործազրկության եզրին կհայտնվեն։

     

    -Օպտիմալացման դեպքում հաստիքներ չեն կրճատվելու։ Երկու քոլեջներում աշխատող դասախոսներին կրճատումներ չեն սպասվում, քանի որ յուրաքանչյուրն ունեն իրենց մասնագիտական առարկաները։ Մենք մինչեւ հիմա չենք ունեցել պահակ, Աստծո հույսին ենք թողել, դռները փակել ենք ու գնացել։ Պատուհաններին ճաղավանդակներ կան, դուռը երկաթյա է։ Նախկինում էլ չի եղել հնարավորություն, պետական միջոցներից պահակներին վճարելու համար, այժմ էլ ես չեմ ավելացրել դեռ պահակի հաստիքը։ Այսինքն այս տեխնիկական մասով նույնպես աշխատողներից ոչ ոք չի տուժելու, այնտեղի հավաքարարն ու պահակը աշխատելու են, ոչ մեկը չի ազատվելու։ Փոխտնօրեն մենք էլ ունենք, մյուս քոլեջն էլ ունի, բայց նրանց փոխտնօրենը զբաղվում է իրենց մասով, մեր փոխտնօրենը կզբաղվի մեր մասով։ Չի կարող լինել կրճատում, ինչի՞ որովհետեւ մենք ունենք, պետպատվերով սովորող մոտ 120 ուսանող, նրանք ունեն 200-ի չափ պետպատվերով սովորողներ։ 120-200 սովորողների դեպքում հաստիքների աշխատանքը այլ է, 300-350-ի դեպքում այլ է։ Անհանգստանալու առիթ չկա, որ հաստիքները կկրճատվեն, բացի մեր երկու քոլեջների տնօրեններից ուրիշ ոչ մեկը չպետք է անհանգստանա։

     

    -Դուք անհանգստանալու առիթ ունե՞ք։ Քոլեջի տնօրենի պաշտոնին մի քանի հավակնորդների անուններ են շրջանառվում։

     

    – ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Խաչատրյանը  թոշակի  է գնում, եւ եթե հաջողություն լինի, որ ես դառնամ տնօրեն, ապա ասեմ, որ այդ դեպքում ես չեմ պատրաստվում, որեւէ մեկին աշխատանքից ազատել։  Ոչ մեր մոտից, ոչ էլ մյուս քոլեջի աշխատողներից։ Երկու քոլեջները միավորվելուց հետո այն կոչվելու է Արմավիրի Պետական քոլեջ, որն իր մեջ ներառելու է բժշկական բաժինները եւ մնացած բոլոր բաժինները։ Հանրապետությունում, եթե նայեք շատ քոլեջներ բազմաֆուկցիոնալ գործառույթներ են կատարում, այսինքն պետական քոլեջներում կարող են գործել տարբեր բաժիններ։ Մենք ստացել ենք նախարարությունից պաշտոնական գրություն, որտեղ մեզ նախազգուշացվում է, որ լինելու է օպտիմալացում, երկու քոլեջները կլուծարվեն եւ կձեւավորվի մեկ քոլեջ, որը կկոչվի Արմավիրի պետական քոլեջ։

     

     

    Արմավիրի Ինդուստրիալ մանկավարժական քոլեջի տնօրեն Արմեն Խաչատրյանը դեմ չի օպտիմալացմանը, ըստ տնօրենի, նույնիսկ կողմ է, որ այս չորս հաստատությունները միավորվեն եւ լինի մեկ Տարածաշրջանային պետական քոլեջ։

     

    -Օպտիմալացմանը դեմ չենք, նույնիսկ կողմ ենք, դեռ շուտ պետք է արվեր, Արմավիրում գործում են չորս քոլեջներ, որոնք միջնակարգ մասնագիտական կրթություն են ապահովում։ Իմ կարծիքով այդքան քոլեջները քաղաքում շատ են, դրա համար միացումը ճիշտ ենք համարում։ Դեռ ամեն ինչ պարզ չի, կառավարությունը ինչպես կվորոշի մենք համամիտ կլինենք>-ասում է Արմեն Խաչատրյանը։Երկարամյա տնօրենի փոխանցմամբ իր աշխատած տարիներին հասցրել է իր սաներին հանարավորինս ապահովվել շենքային հարմարավետ պայմաններով եւ մասնագիտական հմուտ կարողություններով։ Այսօր քոլեջն ավարտած ուսանողներն արագ անցնում են աշխատանքի  մարզում եւ մայրաքաղաքում:

     

    Հերմինե Մանուկյան

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « December 2017 »
    Mo Tu We Th Fr Sa Su
            1 2 3
    4 5 6 7 8 9 10
    11 12 13 14 15 16 17
    18 19 20 21 22 23 24
    25 26 27 28 29 30 31