• ՄԵՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՃՇՄԱՐՏԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ Է

  • Անպատժելիությունը ծնում է նոր հանցագործություններ

    «Հայփոստ» ՓԲԸ-ի Արարատի մարզի Նորաշեն համայնքի բաժանմունքի տնօրեն Թամարա Մելքոնյանն անգիր տիրապետում է համայնքի բնակիչների բոլոր տվյալները: Քսան տարի Նորաշենի բաժանմունքում աշխատող կինը տեղյակ է անգամ ազգաբնակչության տեղաշարժից, սակայն դա նրան չի խանգարել, որ մի քանի ամսով,  բուժման նպատակով Եվրոպա մեկնած Ալվարդ Խաչատրյանին կենսաթոշակ փոխանցի` վերջինիս ամուսնու միջոցով: Թեեւ Ալվարդի ամուսինը` Մայիսը, ասում է, որ դրա դրմաց արված «լավությունը» եղել է 200 դրամի տեսքով, բայց գյուղում չեն հավատում: Մատը վերեւ են բարձրացնում ու ասում.

    -Ծիծաղելի թվեր մի ասեք, բա Թամարը 200 դրամանոց կնիկա՞

     

    Նորաշենի Հայփոստ ծառայությունների  «թեյավճարները» տատանվում են 200-ից մինչեւ 2 հազար դրամները: Կախված է նրանից, թե որքան մեծ է ծառայության կամ ստանալիք գումարը: Ա’յ, օրինակ, երեխաների ծննդի միանվագ գումարների «մաղարիչը» սկսվում  է 2 հազար դրամից ու տատանվում 5 հազար դրամի սահմաններում:

     

    Ինչեւէ, անդրադառնանք Ալվարդ Խաչատրյանին ու նրա բախտակիցներին: Միգուցե Հայփոստ ՓԲԸ աշխատակցի խարդախությունն այդպես էլ ծածաուկ մնար, եթե Եվրոպական բուժ կլինիկաներից մեկում Ալվարդ Խաչատրյանի անուն-ազգանունով հայտ չբացվեր ու ՀՀ Սոցապ նախարարություն տվյալ չգար, որ կինը բացակայում է երկրից: Ըստ Ալվարդ խաչատրյանի ամուսնու, իրենցից մի քանի ամսվա գումարները ետ են գանձել, որի ընթացքում Հայփոստի Թամարի ամուսինը մատ է թափ տվել Մայիսի վրա ու հրահանգել, որ ոչ մի տեղ չբողոքեն, որ իր կինը աշխատանքից չազատվի:

     

    Սակայն Թամարի ամուսնու մտավախությունները զուր են եղել` պետությունից անօրինական կերպով գումար յուրացնողին զլացել են անգամ նկատողություն տալ, չեն էլ պարզել, թե ինչ հանգամանքներում է ընտանիքը երկրից բացակայողի փոխարեն կենսաթոշակ ստացել: Ու դեպքից մեկ տարի անց էլ Թամարը շարունակում է պաշտոնավարել ու հայտնի էլ չէ, թե երկրից բացակայող քանի ընտանիք է թոշակ ու նպաստ ստանում Թամարի բաժանմունքում:

     

    Հա’, ի դեպ, ինչ վերաբերվում է Թամարա Մելքոնյանի ամուսնուն, վերջինս «գազավիկ» է, իսկ ավելի կոնկրետ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Արտաշատի մասնաճյուղի գազի տեսուչ է, ով իր աշխատանքային օրն ու ազատ ժամանակն անցկացնում է Հայփոստի Նորաշենի մասնաճյուղում, իհարկե, երբ այն բաց է լինում: Իսկ մասնաճյուղում ակտիվ են հատկապես կենսաթոշակներ բաժանելու օրերը, երբ մի կողմից Թամարան գումարներն  է բաժանում բնակիչներին, իսկ մյուս կողմից ամուսինը ծխելով ու անուշաբույր սուրճը վայելելով գազի վարձավճարներն է գանձում բնակիչներից:

     

    -27 հազար թոշակ եմ ստանում, փոստից 500 դրամով եմ դուրս գալիս` լավագույն դեպքում,- ասում է Նորաշենի թոշակառուներից մեկը:

     

    Պարզվում է, Հայփոստում «եկամտի» աղբյուրը միայն թեյավճարները չեն: Կիլոգրամով գնված, ժամկետն անցած ու խունացած թերթերի ու խաչբառների  գնելը պարտադիր պայման է Նորաշենի Հայփոստի մասնաճյուղում, դե իսկ ժամկետանց սննդի մասին էլ խոսք չկա: Ըստ տեղացիների, Թամարի սաստող հայացքի տակ ստիպված գնում են ժամկետանց տորթերը, հետո կամ դեն են նետում, կամ էլ ստիպված ուտում` ի վերջո գումար են ծախսել դրա համար: Ու դրա համար աշխատում են գոնե սուրճով, թեյ, լվացքի ու ամանի հեղուկ ու փոշի, կամ էլ`զուգարանի թուղթ գնել:

     

    Անթիվ ու անհամար օրինակներ են բերում մարդիկ, մատնանշում տներ, որտեղ տարեցները մահացել են, բայց մահից հետո էլ նրանց փոխարեն ստորագրելով Թամար Մելքոնյանը կենսաթոշակներ է յուրացրել:

     

    -Իրենց Հայփոստի մատյանները վերցրեք նայեք` 80 տոկոսը Թամարն է ստորագրում: Գումարների հետ ինչ ուզում անում է: Օրինակ, եթե դու իրան փող տվողներից չես ու հերթ ես գանգնել թոշակ ստանաս, ասում է` գնա’, քո փողը հլը չի եկել, դու ամսվա վերջ արի: Իսկ իրա հազար դրամանոց հաճախորդներին չի էլ թողնում հերթ կանգնեն, գոռում-կանչում է, թե շուտ արի քո համարն առաջիննա եւ այլն: Ու կարողա մարդը մի ամիս հետո իրա թոշակը ստանա: Թե ինչա անում էդ փողերի հետ, չենք իմանում,- զարմացած ուսերը բարձրացնում են մարդիկ:

     

    Մարդիկ պատմեցին, որ Թամարի հարկերից ազատվելու համար, Հայփոստից օգտվողների մի մասը ստիպված բանկային քարտերի է անցել, ինչն էլ մի առանձին դժվարություն է նորաշենցիների համար, քանի որ ստիպված են լինում գնալ Արտաշատ քաղաք ու այնտեղից ստանալ իրենց հասանելիք գումարը: Բայց, ինչպես ասում են, ամեն ինչ իր գինն ունի` Թամարի լծից ազատվելու համար էլ պետք է ծախսել նյարդեր, ժամանակ ու գումար:

     

    Ի դեպ, երեկ երբ ցանկանում էինք այս առնչությամբ մեկնաբանություն ստանալ Թամարա Մելքոնյանից, աշխատանքային ժամին, Հայփոստ ՓԲԸ Նորաշենի մասնաճյուղը փակ էր, իսկ վրան փակցված էին Թամարայի հեռախոսահամարները:

     

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « Ապրիլ 2017 »
    երկ երք չրք հնգ ուրբ շբթ կիր
              1 2
    3 4 5 6 7 8 9
    10 11 12 13 14 15 16
    17 18 19 20 21 22 23
    24 25 26 27 28 29 30